Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Լաոն կհեծնի՞ կարմիր նժույգ»

«Լաոն կհեծնի՞ կարմիր նժույգ»
18.05.2022 | 09:40

(հրովարտակներ մայիսյան մի առավոտ)


Հոսում է տաք, ինչպես հեշտանք կամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանր, ու հորդահոս, ու արնավառ․
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի․
Օրերը-տոթ, ձիերը-վառ, վազքը-խելառ։
Լուրթ երկինքներ՝ իջած հասուն երկրի վրա,
Բարձր ճիչեր, ու հրդեհներ, ու ծիածան․-
Վառվում է շոգ կաթսաներում կյանքը քուրա․-
Ախ, վայ նրանց, որ չապրեցին ու չտեսան...

Եղիշե Չարենց


Նախերգ-ռեքվիեմ
Եվ ահա առերեսվեցինք մեր պատմության հերթական գահավիժմանը։
Ժամանակը նախ շռնդալից ապտակեց մեզ, հետո հարվածեց մեր ամորձիներին և բութ մատով քորեց-քերեց մեր պորտալարը։

(Մեր, իմա՝ երկրի, այն է՝ հայոց անկախ պետականության)։
Եվ երբ հնչեց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ, ու երբ եռագույն ու երփնագիր ծիածան կապվեց Մռավից՝ Արագած և Թարթառից՝ Արաքս, հակապետական և ապազգային նեքինապետերը սանձեցին երկիրը Հայկազյան, կարմիր նժույգը նրանց ծառայեց որպես մոխրագույն երիվար։
Եվ ահա առերեսվեցինք մեր պատմության հերթական ցնցակաթված:


Նախերգ-ասպատակում
Մենք ինչո՞ւ ենք տաճարներ կերտում, բայց քայլում ենք դեպի կառափնարան:
ՈՒ արդյոք այսօր կգտնվի՞ գեթ մի ազնվասիրտ հայորդի, որը, աջը դրած խղճի վրա, չի բղավի լեռներն ի վեր, ձորերն ի վար՝ ներքինապետերը ներքինացրին մեր հայրենիքը և 27 տարի շարունակ, ժամ առ ժամ սաղմնավորվում ու հասունանում էր ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈՒՀԱՍԸ (ըստ հակապետականության և ապազգայնության կնքահայր Տեր-Պետրոսյան Լ․-ի)։
Ներքինիների բազմադեմ հրոսակախմբերը անվարան ընթացքով և սպանիչ լկտիությամբ հաղթանակած պետության կենսաբեր մարմինն ու հավատո հանգանակ հոգին պարարտացնում էին արևմտյան հողմերով սնուցված պատվաստանյութով։ Եվ մեր հանապազօր հացը թխվեց հարդով, ու մեր որդան կարմիր գույնը օր-օրի երկնագունվում էր։ ՈՒ կնքահայրը, կործանելով պետականությունը, բնավորվեց Սև շենքում։ Ի հաշիվ պետության։


ՈՒղերձներ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ համահայկական շարժմանը
Մայրաքաղաքի (երկրի, հայրենիքի, Հայկական աշխարհի) օպերայամերձ հրապարակը բարիկադված է։ Երկրի հայկազյան զավակները, ի մասնավորի՝ Իշխանը Սաղաթելյան, Գեղամները՝ Նազարյան ու Մանուկյան, և սրտիս թրթիռ «Երիտասարդի ձայնը» անզուգական Հովհաննեսի առաջնորդությամբ կռում-կռփում են 4-րդ Շնորհապետական Հայկական Հանրապետության գալիք օրը։


Երկրում, այո՛, օրհասը նահանջում է, և այո, մենք այսօր Տղմուտի ափին ենք։ ՈՒ հաստատ արժե արմատական ձևաչափում (սրտով բարի, մտքով արի) երկխոսել Շարժման հետ։
Երրորդ Հանրապետությունը բովանդակային առումով լիարժեք հակապետություն էր և ուներ 3 հիմնասյուն։ Մեկը սորոսահպատակ քաղաքական վերնակույտն էր, մյուսը՝ տնտեսական քրեաօլիգարխիան և երրորդը՝ ռազմական իշխանադասը։


Անվարանորեն անսասան էր Երրորդ Հակապետությունը, և շուրջ երեք հազար վագոն-տնակները հոտնկայս ծափահարում էին 30 հազար դղյակներին, և հակապետության բյուջեն էապես համալրվում էր բյուր աղանդավորներին տրամադրվող աղտոտ փողերով, և երկրում տասը երեխայից մշտապես թերսնված էր ուղիղ կեսը, և արևմտյան վարկով Զիմբաբվե երկրից ժամանում էր եբենոսի պես փայլող սև մասնագետը և ուսուցանում էր հայ այգեպաններին ծիրան մշակելու արվեստը։


Եվ սույն հակապետության խորհրդարաններում զեռունի նման բազմանում էր թաղային բիրտ կիսախուժանը, և Կառավարական տունը սպասարկում էր վարկատու երկրների շահերը և նման բյուր-բազում արատներով էր գերհագեցած երկիրը։
Եվ ահա ուղերձս։ Նախկին երեք նախագահների օրոք քիչ թե շատ նշանակալից պաշտոն զբաղեցրած այրերն ու տիկնայք անցանկալի անձ են Շնորհապետական մեր երկրում․ անգամ եթե մի գիշերվա մեջ ազատագրեն Շուշին, հետ բերեն Հադրութը։

Ներքինապետերը ներքինացրին մեր հայրենիքը, և 27 տարի շարունակ ժամ առ ժամ սաղմնավորվում ու հասունանում էր ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՊԱՏՈՒՀԱՍԸ:


Ձայն բազմաց, ձայն Աստծո
Ժամանակավոր կառավարության ղեկին տեսնում եմ միայն Վազգեն Մանուկյանին։ Համոզված եմ խորապես, որ նրան պիտի վստահվի 4-րդ Շնորհապետական Հայկական Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Մենք կվերականգնենք պատմական արդարությունը, չէ՞ որ 1996-ին Վազգեն Մանուկյանը բազմաց ձայնով ընտրվեց երկրի նախագահ։ Բայց գահն ու թագը գողացվեցին, և ազգադավ ուժերի թուջե կրունկները ճանապարհ հարթեցին Հակապետության կնքահայր 1-ին նախագահի համար։
Սակայն տիար Մանուկյանը խիստ նպատակային գահակալ է նաև պետականաշեն գործունեությամբ։ Մի՞թե Արցախյան ազատամարտում շրջադարձային չէր նրա ռազմավարական տաղանդը, չէ՞ որ նա պատրաստ էր գրավել Եվլախ հանգուցային բնակավայրը և ապահովել Հայաստանի ու Արցախի գերադրական դիրքավորումը տարածաշրջանում։

Միով բանիվ, պատմական արդարության վերականգնումը այսօր առաքելություն է։


Քոչարյանի առաքելական պատգամը
Երկրի երկրորդ նախագահ, Արցախի հերոս տիար Ռոբերտը Քոչարյան Հանրապետության նախագահի պաշտոնում տեսնում է Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի պատվիրակ սրբազանի։ Արքեպիսկոպոս սրբազանը կդառնա Հայկական Աշխարհի աշխարհիկ ու հոգևոր միաբանման առհավտչյան։ Նա կլինի նաև ազգընծա պատգամաբեր և դատավոր:


Տնտեսության ապագաղութացում
Պետական կապիտալիզմն է երկրի տնտեսության կայուն զարգացման միակ երաշխիքը։ Ձևավորված ազգային կապիտալը կդառնա մեր քաղաքակրթության հայկականացման հենարանը։ Վերընթերցենք «Անկախության հռչակագրի» 3-րդ կետը և սույն խնդրի լուծումը վստահենք սոցիալական լրջագույն հենք ունեցող ՀՅԴ-ին։


Սորոսի և այլոց արտաքսումը
Ժամանակավոր կառավարության թիվ 1 հրամանագրով և օրենքի ուժով Հանրապետությունը պիտի լքեն սորոսական և ԼԳԲՏ-ական քարոզիչներն ու իրավապաշտպանները։
Շուտով Ժամանակավոր կառավարությանը կներկայացնեմ 4-րդ Շնորհապետական Հայաստանի կայուն զարգացման ու միջազգայնացման «Հայաստանի Կերպարվեստի Երուսաղեմ երկիր» Հռչակագիրը։


Վրեժ Առաքելյան

Դիտվել է՝ 48934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ